Ընդհանուր տեղեկություն
Միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և գիտական կենտրոններից մեկը՝ Տաթևի նշանավոր վանական համալիրը, Սյունյաց աշխարհի գեղեցկուհին է։ Գտնվելով բարձրադիր լեռների ծերպին այն նաև անմատչելի ամրոց է հանդիսացել ոչ միայն տեղի վանականների, այլև վանքում սովորող ուսանողների և շրջակա գյուղերի բնակիչների՝ թշնամու հարձակումներից պատսպարվելու համար։ Վանքի տարածքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հարսանաձորի դիտակետ, որտեղից զանգերի միջոցով տեղեկացրել են թշնամու հարձակման մասին։ Վանքին կից կարող եք տեսնել նաև 17-րդ դարի ձիթհան, որտեղ անիմացիոն տեսահոլովակի միջոցով կարող եք ծանոթանալ, թե ինչպես են ուշ միջնադարում տարբեր սերմերից ձեթ քամել, որոնք օգտագործվել են վանքի կարիքների համար։ Վանք կարող եք հասնել թե մեքենայով՝ իջնելով և բարձրանալով Որոտան գետի կիրճի գեղատեսիլ և բարձրադիր ոլորաններով և թե աշխարհում ամենից երկարը (5,7կմ) համարվող «Տաթևեր» ճոպանուղիով՝ ավելի քան 300մ բարձրությունից զմայլվելով Որոտանի կիրճի գեղատեսիլ բնությամբ։
Սիսիան քաղաքից ոչ շատ հեռու, Որոտան գետի վտակներից մեկի վրա է գտնվում Սյունիքի մարզի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Շաքիի ջրվեժը։ Այն 2008 թվականից գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ 18մ բարձրությունից գահավիժող ջրվեժը Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։
Մինչև 3մ բարձրությամ և մինչև 10տ զանգվածով հարյուրավոր բազալտե քարերից կազմված «զորախումբը» անտարբեր չի թողնի այստեղ այցելող որևէ մեկի։ Կառույցի նշանակության և կառուցման թվականի վերաբերյալ հակասական կարծիքներ կան։ Սակայն ըստ պաշտոնական տեղեկատվության այն շուրջ 7500 տարեկան աստղադիտարան է։ Աստղադիտարան լինելու վարկածի հեղինակները զուգահեռներ են անցկացնում Քարահունջի և հայտնի Սթոունհենջի միջև՝ երկու կառույցներին էլ վերագրելով աստղադիտարնի նշանակություն։ Զուգահեռներ կան նաև հիշյալ կառույցների անվանումներում։ Սթոուն բառը հայերենում թարգմանվում է քար, իսկ հենջ և հունջ բառերի, որոնք չեն թարգմանվում, նմանությունն արդեն իսկ ակնհայտ է։ Այն գիտնականները, որոնք չեն կիսում աստղադիտարանի վարկածը, պնդում են թե այն դամբարանադաշտ է։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Քարահունջի մուտքի տոմս
- Տաթևեր ճոպանուղու տոմսեր