Ընդհանուր տեղեկություն
Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության հրաշալիքներից մեկը՝ Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի մարզում, հիասքանչ գեղատեսիլ բարձրադիր մի վայրում։ Ճարտարապետներ Սիրանեսն ու Մոմիկը այնպիսի ներդաշնակորեն են կառուցել վանական համալիրը, որ այն կարծես մեկ ամբողջություն լինի շրջակա գեղատեսիլ բնապատկերների հետ։ Եվ հաճախ բնականորեն հարց է ծագում, ո՞րն է առավել գեղեցիկ, մարդու թե՞ բնության ստեղծագործությունը։ Հարցի պատասխանը կակնկալենք լսել նաև ձեզանից տուրի ավարտին։
Միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և գիտական կենտրոններից մեկը՝ Տաթևի նշանավոր վանական համալիրը, Սյունյաց աշխարհի գեղեցկուհին է։ Գտնվելով բարձրադիր լեռների ծերպին այն նաև անմատչելի ամրոց է հանդիսացել ոչ միայն տեղի վանականների, այլև վանքում սովորող ուսանողների և շրջակա գյուղերի բնակիչների՝ թշնամու հարձակումներից պատսպարվելու համար։ Վանքի տարածքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հարսանաձորի դիտակետ, որտեղից զանգերի միջոցով տեղեկացրել են թշնամու հարձակման մասին։ Վանքին կից կարող եք տեսնել նաև 17-րդ դարի ձիթհան, որտեղ անիմացիոն տեսահոլովակի միջոցով կարող եք ծանոթանալ, թե ինչպես են ուշ միջնադարում տարբեր սերմերից ձեթ քամել, որոնք օգտագործվել են վանքի կարիքների համար։ Վանք կարող եք հասնել թե մեքենայով՝ իջնելով և բարձրանալով Որոտան գետի կիրճի գեղատեսիլ և բարձրադիր ոլորաններով և թե աշխարհում ամենից երկարը (5,7կմ) համարվող «Տաթևեր» ճոպանուղիով՝ ավելի քան 300մ բարձրությունից զմայլվելով Որոտանի կիրճի գեղատեսիլ բնությամբ։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Տաթևեր ճոպանուղու տոմսեր