Ընդհանուր տեղեկություն
Միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր և գիտական կենտրոններից մեկը՝ Տաթևի նշանավոր վանական համալիրը, Սյունյաց աշխարհի գեղեցկուհին է։ Գտնվելով բարձրադիր լեռների ծերպին այն նաև անմատչելի ամրոց է հանդիսացել ոչ միայն տեղի վանականների, այլև վանքում սովորող ուսանողների և շրջակա գյուղերի բնակիչների՝ թշնամու հարձակումներից պատսպարվելու համար։ Վանքի տարածքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հարսանաձորի դիտակետ, որտեղից զանգերի միջոցով տեղեկացրել են թշնամու հարձակման մասին։ Վանքին կից կարող եք տեսնել նաև 17-րդ դարի ձիթհան, որտեղ անիմացիոն տեսահոլովակի միջոցով կարող եք ծանոթանալ, թե ինչպես են ուշ միջնադարում տարբեր սերմերից ձեթ քամել, որոնք օգտագործվել են վանքի կարիքների համար։ Վանք կարող եք հասնել թե մեքենայով՝ իջնելով և բարձրանալով Որոտան գետի կիրճի գեղատեսիլ և բարձրադիր ոլորաններով և թե աշխարհում ամենից երկարը (5,7կմ) համարվող «Տաթևեր» ճոպանուղիով՝ ավելի քան 300մ բարձրությունից զմայլվելով Որոտանի կիրճի գեղատեսիլ բնությամբ։
Այժմյան Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ լանջերին է գտնվում ինքնատիպ և հրաշագեղ Հին Խնձորեսկ գյուղը: Կարծիք կա, որ իր աշխարհագրական տեղանքով պայմանավորված գյուղն անվանվանվել է Խոր ձոր, ապա Խորձորեսկ և հետագայում՝ Խնձորեսկ: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային են եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ: Անձավային բնակարանները եղել են նաև ինքնատիպ պատսպարաններ: Մի քարայրից բաղկացած ժայռերից բացի կան նաև տարբեր բարձրության վրա փորված քարայրներ ունեցող ժայռեր: 20-30 մ բարձրության վրա եղած քարայր-բնակարաններ բնակիչները բարձրացել են պարաններով: Ժամանակի ընթացքում քարայրների ճակատային մասերում տներ են կառուցվել, որոնք դասավորված են եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը ծառայել է իբրև բակ մյուս տան համար: Այնպես որ հեռվից գյուղը լեռնալանջն ի վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողել: Գյուղի նշանավոր հուշարձաններից են Խնձորեսկի բերդը, Սոնայի աղբյուրը, Ս. Թադեոս, Ս. Հռիփսիմե, Անապատի եկեղեցիները և IX-X դդ. ժայռափոր եկեղեցին: Անապատ եկեղեցին եղել է գրչության կենտրոն, որտեղ գրվել և պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր: Եկեղեցու բակի տապանատանն է գտնվում հայ մեծ զորավար Մխիթար Սպարապետի գերեզմանը: Գյուղատեղին առավել հայտնի դարձավ, երբ 2012թ․ այստեղ կառուցվեց երկու ձորափներն իրար կապող 160մ․ երկարությամբ և 63մ․ առավելագույն բարձրությամբ, իր տեսակի մեջ եզակի, գեղեցիկ և տեսարժան, ճոճվող կամուրջը։
Ներառված/Չներառված
- Տրանսպորտ
- Կայանման վճար
- Խմելու ջուր, 0,5լ․ 1 անձի համար
- Գիդի ծառայություն
- Տաթևեր ճոպանուղու տոմսեր